Ուսումնական աշուն

ԱՇՆԱՆ ՆԿԱՐ

Դեղին մատիտ առա,
Նկարեցի աշուն՝
Տերևներով առատ,
Տերևներով նախշուն:
Կարմիր մատիտ առա,
Նկարեցի աշուն՝
Խնձորներով առատ,
Ու դեղձերով նախշուն:
Կանաչ մատիտ առա,
Նկարեցի ծիլեր՝
Ու ծիլերի վրա
Ամպի ճերմակ թելեր:
Առա կապույտ մատիտ
Եվ իմ աշնան վրա
Նկարեցի չվող
Կռունկների երամ:
Ու սև գույներով հետո
Նկարեցի երկիր,
Ափսոս, որ չունեի
Ուրիշ տեսակ ներկեր:
Հազար գույնի մատիտ
Ինչպե՞ս ես ճարեի,
Որ պատկերը աշնան
Լրիվ նկարեի:
Ն.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

***

Աշնան շուկա
Եկավ աշուն,
Սիրուն, նախշուն,
Շուկա բերին
Խաղող հասուն,
Ընկույզ, կաղին,
Գազար դեղին.
Այ լավ շուկա,
Ամեն բան կա:
Հ. Հայրապետյան

ԱՇՆԱՆ ԵՐԳԸ
Տերևները քամու հետ
Պար են բռնել առաջ-հետ,
Խշխշում են ու երգում
Նոր զարդարված պուրակում:
-Գալդ բարի, ա՜յ աշուն:
Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:
Գետակը գիժ ու պղտոր
Շտապում է դեպի ձոր,
Քչքչալով ձորակում
Փրփրում է ու երգում:
-Գալդ բարի, ջա՜ն աշուն,
Ինչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:
Կռունկները կռկռան
Թևին տվին վեր թռան,
Դեպի հարավ ձգվեցին,
Կռկռացին, երգեցին:
Հ. Հայրապետյան

***

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…
Վահան Տերյան

Քարակոփ կացարան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա,
որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը
մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ
թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող
կաքավնե-րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։
Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծառերի վրայից և թափված
տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ
գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ
մնացածներ։ Վեր նայեցի՝ ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը
կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։
Որտեղի՞ց է այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։
Հետաքրքրությունից մղված վեր բարձրացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից
մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը,
ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ
ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ
ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված
փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։
Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր
մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ
պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի
խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայռերի արանքներից։
Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հողակտորին ապավինած, ապրել է
այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի
ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը,
որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և
նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու
թմբերը։
Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերացնում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր
գիշերներ է անցկացրել շեներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․
Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի
ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան
52
Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարիքից ու չար մարդուց
հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

Թողնել մեկնաբանություն